«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք
Հոդված 8, մաս 3, պարբերություն 3
«Փակ Ընկերության բաժնետերն ունի այդ Ընկերության այլ բաժնետերերի կողմից վաճառվող բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունք: Եթե Ընկերության կանոնադրությամբ նախատեսված ժամկետում բաժնետերերից ոչ մեկը չի օգտվում նախապատվության իր իրավունքից, ապա Ընկերությունն իրավունք ունի այդ բաժնետոմսերը ձեռք բերել սեփականատիրոջ հետ համաձայնեցված գնով: Ընկերության կողմից բաժնետոմսերը ձեռք բերելուց հրաժարվելու կամ դրանց գնի վերաբերյալ համաձայնության չգալու դեպքում բաժնետոմսերը կարող են օտարվել երրորդ անձի: Ընկերության կողմից բաժնետոմսերը ձեռք բերելու կամ դրանից հրաժարվելու մասին որոշումը կայացնում է Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը (այսուհետ` ժողով), եթե Ընկերության կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:
Փակ Ընկերության բաժնետերերի կողմից վաճառվող բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունքի իրականացման կարգը և ժամկետները սահմանվում են Ընկերության կանոնադրությամբ: Նախապատվության իրավունքի ժամկետը չի կարող բաժնետոմսերի վաճառքի առաջարկման պահից 30 օրից պակաս և 60 օրից ավելի լինել:»։
Մեկնաբանություն
Ինչպես տենսում ենք, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ պարբերությունը չի սահմանում բաժնետիրոջ կողմից իր բաժնետոմսերի վաճառքի մասին մյուս բաժնետերերին ծանուցելու հատուկ կարգ։ Ավելին, նշված հոդվածը նախատեսում է, որ նման կարգ սահմանվում է ընկերության կանոնադրությամբ։ Այսինքն՝ նշված հոդվածով նույնիսկ թույլատրելի է ընկերության կանոնադրությամբ սահմանել նման կարգ, և օրենքով չկան առանձնահատուկ պահանջներ բաժնետիրոջ կողմից մյուս բաժնետերերին իր բաժնետոմսերի վաճառքի մասին ծանուցելու կարգի վերաբերյալ։
Սա նշանակում է, որ եթե բաժնետիրոջ կողմից վաճառվող բաժնետոմսերի վաճառքի մասին մյուս բաժնետերերին ծանուցելու կապակցությամբ օրենքով պարտադիր լիներ նույն օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված կարգի կիրառումը, ապա տրամաբանորեն օրենքի վերը նշված 8-րդ հոդվածում ընկերությանը չէր թույլատրվի կանոնադրությամբ սահմանելու նման կարգ, քանի որ դա արդեն իսկ սահմանված էր 48-րդ հոդվածում։
Ընդ որում, եթե ընկերության կանոնադրությամբ էլ սահմանված չէ քննարկվող հարցով բաժնետիրոջ կողմից մյուս բաժնետերերին ծանուցելու որոշակի կարգ, նշանակում է՝ օրենքի տեսանկյունից կարևորը որևէ ողջամիտ ձևով մյուս բաժնետերերին ծանուցելն է (այդ թվում՝ ուղղակիորեն վերջիններիս գրավոր դիմելով)՝ բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունքից օգտվելու հնարավորության մասին։ Եվ եթե առկա է մյուս բաժնետերերի կողմից վաճառողին անմիջականորեն ուղղված գրավոր մերժումը (իր նախապատվության իրավունքից գրավոր հրաժարումը), նշանակում է՝ լիովին պահպանված է օրենքի 8-րդ հոդվածով սահմանված նախապատվության իրավունքի իրականացման ապահովմանն ուղղված պահանջը։
Այսպիսով՝ օրենքի 8-րդ հոդվածի իմաստով՝ կարևորը հաստատվի, որ մյուս բաժնետերը տեղյակ է եղել ընկերության բաժնետիրոջ կողմից բաժնետոմսերի վաճառքի մասին և հրաժարվել է դրանք ձեռք բերելու իր նախապատվության իրավունքից օգտվելուց։ Տեղեկացնելու և հրաժարվելու կարգը որևէ նշանակություն չունի և չի առաջացնում որևէ իրավական հետևանք, այդ թվում՝ չի հանգեցնում հետագա գործարքի անվավերության։
Օրենքը չի նախատեսում բաժնետոսմերի վաճառքի մասին բաժնետիրոջ ծանուցումը մյուս բաժնետերերին ընկերության միջոցով ուղարկելու կարգ։ Բոլորովին պարտադիր չէ, որ բաժնետերը իր բաժնետոմսերի վաճառքի մասին մյուս բաժնետերերին ծանուցի ընկերության միջոցով։ Օրենքով չկա նման պահանջ։ Պարզապես պրակտիկայում նման կարգ է կիրառվում այն ընկերություններում, որտեղ բաժնետերերի քանակը շատ է։ Այդպիսի ընկերություններում իր բաժնետոմսերը վաճառող բաժնետերը կարող է չունենալ բոլոր բաժնետերերի կոնտակտները նրանց ծանուցելու համար, կամ վաճառողը առավել նպատակահարմար համարի, որպեսզի ընկերությունը կազմակերպի մյուս բաժնետերերին ծանուցելը։ Ամեն դեպքում, եթե ընկերության կանոնադրությամբ բաժնետերերին ընկերության միջոցով ծանուցելու կարգ սահմանված չէ, օրենքը դա չի պահանջում։
Ինչ վերաբերում է օրենքի 48-րդ հոդվածով սահմանված կարգին, ապա այդ հոդվածը բաժնետիրոջ կողմից իր բաժնետոմսերի վաճառքի մասին մյուս բաժնետերերին ծանուցելու դեպքի նկատմամբ կիրառելի չէ։
Օրենքի 48-րդ հոդվածը վերաբերում է ընկերության կողմից իր կանոնադրական կապիտալը ավելացնելու համար նոր/լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելիս բաժնետերերի նախապատվության իրավունքի իրականացման կարգին, իսկ այդ իրավունքը սահմանված է օրենքի 47-րդ հոդվածում։ Այսինքն՝ 48-րդ հոդվածն անմիջականերոն հղում է անում 47-րդ հոդվածին։ Պարզ ասած՝ 48-րդ հոդվածով սահմանված կարգը վերաբերում է բացառապես 47-րդ հոդվածով սահմանված իրավունքի իրականացմանը։ Իսկ 47-րդ հոդվածը սահմանում է բաժնետիրոջ՝ ընկերության կողմից տեղաբաշխվող բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունքը։
«Հոդված 35․ Կանոնադրական կապիտալի ավելացումը
1․ Ընկերությունն իրավունք ունի բաժնետոմսերի անվանական արժեքը մեծացնելու կամ լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով ավելացնել իր կանոնադրական կապիտալը:»։
«Հոդված 48․ Բաժնետոմսերի և բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի ձեռքբերման նախապատվության իրավունքի իրականացման կարգը
Ընկերության քվեարկող բաժնետոմսերի սեփականատերեր հանդիսացող բաժնետերերը պետք է սույն օրենքով ժողովի գումարման մասին սահմանված կարգով Ընկերության դրամական վճարման ենթակա քվեարկող բաժնետոմսերի և քվեարկող բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի տեղաբաշխումն սկսվելու օրվանից առնվազն երեսուն օր առաջ ծանուցվեն սույն օրենքի 47-րդ հոդվածով սահմանված նախապատվության իրավունքի` իրենց կողմից իրականացման հնարավորության մասին:»։
«Հոդված 47․ Բաժնետերերի շահերի ապահովումն ընկերության բաժնետոմսերի և բաժնետերերի փոխարկվող արժեթղթերի տեղաբաշխման դեպքում
Ընկերության բաժնետերերն ունեն կանոնադրությամբ սահմանված ժամկետի ընթացքում կանոնադրական կապիտալում իրենց բաժնեմասերին համամասնորեն նոր բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունք, …»։
«Հոդված 71․ Ժողովի գումարման մասին ծանուցումը
Սույն օրենքի 70-րդ հոդվածի 1-ին կետում սահմանված անձինք ծանուցվում են ժողովի գումարման մասին` նրանց համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելու, իսկ ժողովի գումարման մասին որոշմամբ նախատեսված լինելու դեպքում` նաև այն հրապարակելու միջոցով, եթե կանոնադրությամբ ծանուցման այլ ձև նախատեսված չէ:»։
Մեկնաբանություն
Պետք է նկատել, որ օրենքի 47-րդ և 48-րդ հոդվածները տեղ են գտել օրենքի 4-րդ գլխում, որը վերնագրված է՝ Ընկերության բաժնետոմսերի տեղաբաշխումը։
Այսինքն՝ այս գլուխը, որում տեղ են գտել 47-րդ և 48-րդ հոդվածները, Ընկերության կողմից բաժնետոմսերի տեղաբաշխման մասին է, և դրա շրջանակներում է, որ սահմանվում է բաժնետերերի նախապատվության իրավունքը՝ ձեռք բերելու Ընկերության կողմից տեղաբաշխվող նոր բաժնետոմսերը։
Օրենքի 47-րդ և 48-րդ հոդվածներում խոսքը չի գնում բաժնետիրոջ կողմից վաճառվող բաժնետոմսերի վաճառքի դեպքում մյուս բաժնետերերի գնելու նախապատվության իրավունքի մասին, որպեսզի կիրառելի լինի 48-րդ հոդվածով սահմանված կարգը (այդ թվում՝ ժողով գումարելու համար սահմանված կարգով բաժնետերերին ծանուցելու կարգը)։
Այդ հոդվածները վերաբերում են ընկերության կողմից նոր բաժնետոմսեր տեղաբաշխելիս բաժնետերերի ձեռք բերման նախապատվության իրավունքին և դրա իրականացման կարգին։
Այսպիսով, քանի որ Օրենքի 47-րդ և 48-րդ հոդվածները չեն վերաբերում բաժնետիրոջ կողմից իր բաժնետոմսերի վաճառքի դեպքում մյուս բաժնետերերի ձեռքբերման նախապատվության իրավունքին, ուստի՝ 48-րդ հոդվածով սահմանված՝ օրենքով ժողովի գումարման մասին սահմանված կարգով Ընկերության բաժնետերերին ծանուցելու կարգը, որը սահմանված է 71-րդ հոդվածով, կիրառելի չէ։
Կարևորը ապացուցելն է, որ բաժնետոմսերի վաճառքի մասին բաժնետերերը ժամանակին ծանուցվել են և հրաժարվել են իրենց գնելու նախապատվության իրավունքից։
Եթե բաժնետերն ուղղակիորեն գրավոր ծանուցում է ներկայացնում մյուս բաժնետերերին՝ այն ուղարկելով նրանց հասցեներով՝ միաժամանակ ծանուցման պատճենը ուղարկելով ընկերությանը կամ նույնիսկ առանց այն ընկերությանն ուղարկելու, վաճառող բաժնետերը համարվում է մյուս բաժնետերերին ծանուցելու իր պարտականությունը կատարած։
«Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենք
Բաժնետոմսերի տեղաբաշխումը բաժնետոմսերի վաճառքից տարանջատելու համար անհրաժեշտ է կարդալ «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը։
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքի իմաստով՝
13) թողարկող է համարվում այն անձը, որն արժեթուղթ է թողարկում (թողարկել) կամ իր անունից արժեթուղթ թողարկելու առաջարկություն է անում.
16) արժեթուղթ թողարկելն անձի գործողությունների ամբողջությունն է՝ ուղղված նույն դասի արժեթղթերի համախմբի առաջացմանը: Արժեթղթերի թողարկումը թողարկողի միևնույն որոշման հիման վրա, սակայն տարբեր ժամանակահատվածներում (սերիաներով) համարվում է մեկ թողարկում.
17) արժեթղթի վաճառք է համարվում տվյալ արժեթղթի առուվաճառքի, փոխանակման կամ հատուցելի ցանկացած այլ գործարքը.
18) տեղաբաշխում է համարվում արժեթղթերի առաջին վաճառքը ներդրողին: Տեղաբաշխումը կարող է իրականացնել թողարկողը կամ սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված ներդրումային ծառայությունները մատուցելու իրավունք ունեցող անձը (տեղաբաշխողը): Թողարկողի կողմից իր՝ ձեռք բերված կամ հետ գնված արժեթղթերի վաճառքը տեղաբաշխում չի համարվում.
20) տեղաբաշխող է համարվում այն անձը, որը տեղաբաշխման նպատակով թողարկողից արժեթղթեր է ձեռք բերում և (կամ) տեղաբաշխման նպատակով թողարկողի արժեթղթերն է առաջարկում, վաճառում կամ մասնակցում է նման գործ իրականացնելու համաձայնությանը կամ պայմանագրին այն բացառություններով, որոնք կարող են սահմանվել Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: Սույն կետում թողարկող է համարվում նաև այն անձը, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն հսկում է թողարկողին, հսկվում է նրա կողմից կամ նրա հետ մեկտեղ գտնվում է ընդհանուր հսկողության տակ.
21) ներդրող է համարվում այն անձը, որին պատկանում է արժեթուղթը, կամ որը նախատեսում է ձեռք բերել արժեթուղթ.
Մեկնաբանություն
Վերը նշված հասկացությունների բովանդակությունից ակնհայտ է, որ ընկերության բաժնետիրոջ կողմից իր բաժնետոմսերի վաճառքը ընկերության բաժնետոսմերի տեղաբաշխում չի նշանակում։
Բաժնետոմսեր տեղաբաշխելը ընկերության՝ բաժնետոմսերը թողարկողի իրավասությունն է։ Ընկերության բաժնետերը բաժնետոմսեր տեղաբաշխել չի կարող։ Ընկերության բաժնետերը կարող է լինել ներդրող ընկերության կողմից տեղաբաշխվող բաժնետոմսերը ձեռք բերելով՝ օգտվելով ընկերության կողմից տեղաբշխվող բաժնետոմսերը ձեռք բերելու իր նախապատվության իրավունքից։
Վերը նշված հասկացություններից հետևում է, որ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 47-րդ և 48-րդ հոդվածները կիրառելի չեն բաժնետիրոջ կողմից իր բաժնետոմսերը վաճառելիս, քանի որ այդ հոդվածները, ինչպես արդեն նշել ենք, վերաբերում են ընկերության կողմից բաժնետոմսեր տեղաբաշխելիս բաժնետերերի ձեռքբերման նախապատվության իրավունքին ու դրա իրականացման կարգին, այլ ոչ թե բաժնետիրոջ կողմից իր բաժնետոմսերի վաճառքին: