Ի՞նչն է կարևոր մինչև ընկերությունը պետական գրանցման ներկայացնելը
Մինչև ընկերությունը գրանցման ներկայացնելը անհրաժեշտ է որոշել՝
ա) ի՞նչ անվանումով է գրանցվելու ընկերությունը (ֆիրմային անվանումը),
բ) ո՞վքեր են լինելու ընկերության հիմնադիրը կամ հիմնադիրները (ընկերության սեփականատերերը),
գ) ո՞րն է լինելու ընկերության գտնվելու վայրը (գրանցման հասցեն),
դ) որքա՞ն է լինելու ընկերության կանոնադրական կապիտալի չափը, մասնակիցների բաժնեմասերի չափերը։
Այս տեղեկություններն ընկերության կանոնադրության մեջ պարտադիր ներառման ենթակա տեղեկություններ են։ Հետևաբար, մինչև ընկերությունը գրանցման ներկայացնելը պետք է որոշում կայացնել նշված հարցերի առնչությամբ։
Ընկերություն ստեղծելիս անհրաժեշտ է նաև ի սկզբանե որոշել, թե ով է հանդիսանալու ընկերության տնօրենը, քանի որ գրանցման ներկայացնելիս այդ տեղեկատվությունը ևս ներկայացվում է իրավասու պետական մարմնին ընկերության տնօրեն գրանցելու համար։
Ինչպե՞ս ընտրել ընկերության ֆիրմային անվանումը
Ֆիրմային անվանումն այն անվանումն է, որի ներքո իրավաբանական անձն իրականացնում է իր գործունեությունը և զանազանվում այլ իրավաբանական անձանցից:
Ընկերության անվանումն ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել, որպեսզի նույնական անվանումով գրանցված ընկերություն գրանցված չլինի պետական միասնական գրանցամատյանում։ Հակառակ դեպքում ընկերության գրանցումը կմերժվի, իսկ գրանցվելու դեպքում էլ կարող են խնդիրներ առաջանալ հեղինակային իրավունքների պաշտպանության տեսանկյունից։
Նույնական անունով ընկերություն գրանցված լինելը ստուգելու համար կարող եք նախորոք որոնել www.e-register.am կայքի համապատասխան որոնման դաշտում։
Ֆիրմային անվանման գրանցումը մերժվում է, եթե որպես ֆիրմային անվանում ներկայացված անվանման տարբերակող նշանակություն ունեցող անունը`
1) նույնական է Հայաստանի Հանրապետությունում պահպանվող այլ իրավաբանական անձի ֆիրմային անվանմանը.
2) նույնական է կամ ամբողջությամբ ներառում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների անվանումները.
3) վերարտադրում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան պահպանվող միջազգային կազմակերպությունների լրիվ կամ կրճատ անվանումը.
4) պարունակում է հայհոյանքներ, վիրավորական անվանումներ, անհարիր է ազգային կամ հոգևոր արժեքներին, հակասում է մարդասիրության և բարոյականության սկզբունքներին:
Ո՞վքեր են համարվում ՍՊԸ-ի հիմնադիրներ
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիրներ են համարվում ընկերություն հիմնադրելու մասին պայմանագիր կնքած անձինք, ովքեր այդպիսի պայմանագիր են կնքել մինչև ընկերության պետական գրանցման պահը։
Ընկերությունը մեկ անձի կողմից հիմնադրվելու դեպքում ընկերության հիմնադիր է համարվում ընկերության ստեղծման մասին որոշում կայացրած անձը:
Գործնականում ընկերության հիմնադիրներին այլ կերպ անվանում են նաև ընկերության սեփականատերեր կամ մասնակիցներ։
Ընկերության մասնակից են համարվում ընկերության պետական գրանցման պահից ընկերության բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձինք:
Ընկերության հիմնադիր կամ մասնակից կարող են լինել ֆիզիկական և իրավաբանական անձինք, Հայաստանի Հանրապետությունը և համայնքները:
Ընդ որում, Հայաստանում ընկերություն կարող են հիմնադրել ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ու Հայաստանում գրանցված իրավաբանական անձինք, այլ նաև օտարերկրյա քաղաքացիներն ու կազմակերպությունները։
Անձը համարվում է ընկերության հիմնադիր/մասնակից իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից ընկերության մասնակիցների գրանցամատյանում նրա` որպես այդպիսին գրանցվելու պահից: ՍՊԸ-ի հիմնադիրներին գրանցող պետական մարմինը ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունն է, որի հասցեն է՝ ք. Երևան, Կոմիտասի պող., 49/3 շենք։
Ո՞րն է ընկերության գտնվելու վայրի կամ գրանցման հասցեն
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գտնվելու վայրը նրա մշտական գործող մարմնի` կանոնադրությամբ սահմանված գործադիր մարմիններից որևէ մեկի գտնվելու վայրն է: Ընկերության գտնվելու վայրով իրականացվում է ընկերության պետական գրանցումը:
Ընկերության գտնվելու վայրով փոստի և այլ թղթակցությունների առաքումը համարվում է պատշաճ առաքում:
Պետք է նկատի ունենալ, որ ընկերության գրանցման (իրավաբանական) հասցեն կարևոր է համապատասխան հարկային մարմնում հաշվառվելու համար։ Ընկերության հարկային հաշվառումն ու հարկային հսկողությունն իրականացնում է ընկերության գրանցման վայրի տարածքային հարկային ծառայությունը։
Որպես ընկերության հասցե սովորաբար գրանցվում է դրա հիմնադրի բնակության կամ ընկերության փաստացի գործունեության վայրի հասցեն։
Ի՞նչ է ընկերության կանոնադրական կապիտալը, ինչպե՞ս որոշել դրա չափը
Կանոնադրական կապիտալը սահմանում է պարտատերերի շահերը երաշխավորող ընկերության գույքի նվազագույն չափը:
Այսինքն՝ ընկերության կանոնադրական կապիտալը կանոնադրությամբ սահմանվող այն գումարն է, որը հիմնադիրը կամ հիմնադիրները ներդնում են պարտատերերի շահերի պաշտպանությունը երաշխավորելու համար։
Ընկերություն ստեղծելիս ընկերության կանոնադրական կապիտալի նվազագույն չափ օրենքով չի սահմանվում: Այն կարող է լինել 1,000 դրամ կամ ցանկացած այլ գումար, որը հիմնադիրները կորոշեն որպես ընկերության կանոնադրական կապիտալի նվազագույն չափ։
Ինչպե՞ս որոշել մասնակիցների բաժնեմասերի չափերն ընկերությունում։
Ընկերության մասնակիցների բաժնեմասերի չափը որոշվում է տոկոսներով կամ մասերի տեսքով:
Ընկերության մասնակցի բաժնեմասի չափը պետք է համապատասխանի նրա բաժնեմասի անվանական արժեքի և ընկերության կանոնադրական կապիտալի հարաբերությանը:
Այսպես, եթե ընկերության սեփականատերը մեկ անձ է, ընկերությունում նրա բաժնեմասի չափը կկազմի 100 %: Մեկից ավելի հիմնադիրների դեպքում նրանց բաժնեմասերը կարող են տարբեր լինել կամ հավասար (օրինակ՝ երկու հիմնադիրների դեպում՝ 50% / 50% կամ 30%/70% և այլն)։
Ամեն դեպքում ընկերության հիմնադիրների (մասնակիցների) բաժնեմասերի չափերը պարտադիր նշվում են կանոնադրության մեջ՝ դրան կից հավելվածում։
Ի՞նչ փաստաթղթերն են ներկայացվում պետռեգիստր ՍՊԸ գրանցելու համար
ՍՊԸ գրանցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1) դիմում.
2) իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիրների որոշումը կամ հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ ժողովի նախագահի և քարտուղարի կողմից.
3) իրավաբանական անձի կանոնադրությունը` հաստատված հիմնադրի (հիմնադիրների) կամ հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) կողմից.
4) տեղեկություններ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի (տնօրենի) կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարի վերաբերյալ` անձնագրային տվյալները և սոցիալական քարտի համարը կամ նշում անձի` սոցիալական քարտից հրաժարվելու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, էլեկտրոնային փոստի հասցեն.
5) մեկ անձի կողմից իրավաբանակւսն անձի հիմնադրման դեպքում 2-րդ կետով նախատեսված փաստաթղթի փոխարեն ներկայացվում է հիմնադրի միանձնյա գրավոր որոշումը:
Եթե անձի հիմնադիրների կազմում առկա է ՀՀ իրավաբանական անձ, ապա, ի հավելումն վերը նշված փաստաթղթերի, անհրաժեշտ է ներկայացնել հիմնադիր իրավաբանական անձի կառավարման լիազորված մարմնի որոշումը և տեղեկատվություն հիմնադիր իրավաբանական անձի վերաբերյալ` իրավաբանական անձի անվանումը և պետական գրանցման համարը: Սույն մասում նշված տեղեկությունը չի ներկայացվում, եթե հիմնադիրը պետություն կամ համայնք է:
Եթե հիմնադրման միջոցով ստեղծված իրավաբանական անձի հիմնադիրը օտարերկրյա իրավաբանական անձ է, ապա պետական գրանցման համար նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացվում է նաև՝
- քաղվածք՝ տվյալ երկրի առևտրային գրանցամատյանից, կամ
- օտարերկրյա իրավաբանական անձի իրավական կարգավիճակը հաստատող այլ համազոր փաստաթուղթ և
- նրա հիմնադիր փաստաթղթերը (կամ համապատասխան քաղվածքները)` վավերացված և հայերեն թարգմանված:
Եթե հիմնադրման միջոցով ստեղծված իրավաբանական անձի հիմնադիրը օտարերկրյա ֆիզիկական անձ է, ապա պետական գրանցման համար նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացվում է՝ տվյալ անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը` վավերացված և հայերեն թարգմանված:
Ընկերություն հիմնադրելիս կարող եք օգտվել մեր գրասենյակի իրավաբանական ծառայություններից։