Աջակցություն բիզնեսին․ արտահանման խթանում
Նախագիծ N 105
Հրապարակված՝ 07.06.2020
Նախագծի նկարագրությունը
Ծրագիրն ուղղված է Հայաստանում գործարարական ծրագրեր ու բիզնես գաղափարներ ունեցող անձանց կողմից բիզնեսի հիմնմանը և գործարարական գործունեության ծավալմանը նպաստելուն։ Նախագծի նպատակն է նաև սկսնակ, փոքր ու միջին ձեռնարկատերերի բիզնես գործունեությանն օժանադակելն ու արտահանման խթանումը։
Իրավիճակի նկարագրություն
Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը բավականին բարդ է ու դժվարամատչելի բիզնես միջավայրի ոչ բարվոք վիճակի պատճառով։
Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելուն խոչընդոտում է մի կողմից գործարարական բնագավառում գործող իրավական ակտերի, հարկային-հաշվապահական կարգավորումների չիմացությունը, մյուս կողմից՝ տեղական սպառողական շուկայի սահմանափակվածությունը, ձեռնարկատերերի՝ օտարերկրյա շուկաներ գտնելու և արտահանման կազմակերպման հմտությունների բացակայությունը։
Արդյունքում գործարարական նախաձեռնություններ ու բիզնես գաղափարներ ունեցող շատ անձինք հետամուտ չեն լինում իրենց բիզնես գաղափարների իրականացմանը և չեն զբաղվում գործարարությամբ, իսկ արդեն իսկ գործող սկսնակ և փոքր ու միջին ձեռնարկատերերի (այսուհետ՝ ՓՄՁ-ներ) ձեռնարկատիրական գործունեությունը չի զարգանում, իսկ վատագույն դեպքում՝ անկում է ապրում։
Այսպիսով, առաջարկվող ծրագիրը Հայաստանի Հանրապետությունում գործարարական գործունեության զարգացման խթանմանը նպատակամղված նախաձեռնություն է։
Այն ներառում է երկու խումբ անձանց աջակցմանն ուղղված գործունեություն։
Առաջին, ծրագիրն ուղղված է Հայաստանի Հանրապետությունում գործարարական նախաձեռնություններ ու բիզնես գաղափարներ ունեցող անձանց կողմից բիզնեսի հիմնմանը և գործարարական գործունեության ծավալմանը նպաստելուն,
Երկրորդ, ծրագիրն ուղղված է սկսնակ, փոքր ու միջին ձեռնարկատերերի ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը խթանելուն։
Չնայած բիզնեսի զարգացման և արտահանման խթանմանն ուղղված կատարվել են որոշակի քայլեր, սակայն խնդիրն առանձնապես լուծում չի ստացել և շարունակում է արդիական մնալ Հայաստանի սոցիալ տնտեսական կյանքում, ինչի համար պահանջվում են բազմակողմանի, համապարփակ մոտեցումներ։
Հատկապես, այն անձանց և ՓՄՁ-ների համար, որոնք որոշակի արտադրանք են արտադրում Հայաստանում, շատ դժվար է արտահանման հնարավորություններ գտնելը և արտահանման կազմակերպումը օտարերկրյա շուկաներում, մինչդեռ Հայաստանի տնտեսության առաջնահերթ խնդիրը արտահանման խթանումն է ու արտահանման ծավալների աճը։
Այսպիսով, գործարարին աջակցելու համար անհրաժեշտ է որակյալ իրավաբանական-ֆինանսահաշվապահական խորհրդատվություն, հայաստանյան արտադրանքի պատշաճ ներկայացում օտարերկյա շուկաներում, օտարերկրյա բիզնես կապերի հաստատմանն աջակցություն, արտահանման կազմակերպմանն օժանդակություն։
Ծրագրի նկարագրություն
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում իրականացնել գործարարության զարգացմանը, հատկապես՝ արտահանմանը խթանող մի շարք գործողություններ, այդ թվում՝
ա) Ծրագրի վերաբերյալ տեղեկատվության տարածում լրատվության տարբեր միջոցներով,
բ) իրավաբանական, ֆինանսահաշվապահական, տեխնոլոգիական և մարքեթինգային խորհրդատվություն և ծառայություններ,
գ) օտարերկրյա շուկաների հետազոտություն, կոնտրագենտների որոշարկում, բիզնես կապերի ամրապնդմանն ուղղված գործողություններ և այլն։
Ծրագրի մանրամասները կներկայացվեն դրանով հետաքրքրվող անձանց և կազմակերպություններին։