Ինչպես կազմել ոչ առևտրային նախագիծ

Ծանոթացեք ուղեցույցին ոչ առևտրային նախագիծ կազմելիս

Ի՞նչ է ոչ առևտրային նախագիծը և դրամաշնորհը

Ոչ առևտրային նախագիծը սոցիալական ծրագիր է, որը շահույթ ստանալու նպատակ չի հետապնդում և ուղղված է սոցիալական, գիտակրթական, բժշկական, մշակութային, բնապահպանական կամ այլ խնդիրների լուծմանը և հանրօգուտ բարիքի ստեղծմանը։ Ոչ առևտրային նախագծերի ֆինանսավորման լավագույն աղբյուրը դրամաշնորհն է։

Դրամաշնորհը անձին կամ կազմակերպությանը տրամադրվող ֆինանսական ռեսուրսներ են։ Դրանք սովորաբար տրամադրվում են կառավարության, կազմակերպության կամ անձի կողմից իրականացնելու համար որոշակի ծրագիր՝ ուղղված համայնքի կամ պետության զարգացմանը կամ որոշակի խնդիրների լուծմանը։ Դրամաշնորհային ֆինանսական ռեսուրսները չեն վերադարձվում (բացառությամբ, եթե դրանք ծախսվում են ոչ այն նպատակով, ինչի համար տրամադրվել են):

Ոչ առևտրային նախագծի ներկայացման ձևաթուղթը լրացնելիս և դրա յուրաքանչուր բաժնի բովանդակությունը գրելիս հաշվի առեք ստորև շարադրված հասկացություններն ու համապատասխան բաժինների վերնագրերի նշանակությունը։


Պորտֆոլյո, հաշվետվություններ

Այս բաժնում անհրաժեշտ է տրամադրել հակիրճ տեղեկատվություն ձեր կամ ձեր կազմակերպության մասին։ Այս բաժնի նպատակը ֆինանսավորողին համոզելն է, որ դուք կամ ձեր կազմակերպությունը լավագույն թեկնածուն եք նախագիծն իրականացնելու համար և ներդրվող միջոցները ծախսվելու են արդյունավետ։

Այս բաժնում կարող եք ներառել՝

  • ձեր ինքնակենսագրությունը կամ կազմակերպության պատմությունը,
  • առաքելությունը,
  • հաջողված ծրագրեր և պորտֆոլյո,
  • ֆինանսական հաշվետվություններ։

 

ՆԱԽԱԳԾԻ ՍԵՂՄԱԳԻՐԸ

Նախ, նկատի ունեցեք, որ Օգտագործման կանոններին համապատասխան, ձեր ընտրությամբ՝ Կայքում կարող է հրապարակվել՝ ա) միայն նախագծի սեղմագիրը, բ) նախագիծն ամբողջությամբ կամ գ) նախագիծն ամբողջությամբ՝ կից նյութերի հետ միասին։

Նախագծի սեղմագիրը դրա համառոտագիրն է՝ առանց նախագծի մանրամասների, որը ներառում է՝
ա) նախագծի վերնագիրը,
բ) հակիրճ նկարագրությունը,
գ) իրականացման վայրը,
դ) նախագծի տեսակը և ոլորտը,
ե) պահանջվող ներդրման տեսակը և չափը,
զ) ծրագրի ֆինանսավորման (ներդրման) ժամկետը։


Նախագծի հակիրճ նկարագրությունը

Այս բաժնում հակիրճ նկարագրեք ձեր նախագիծը, որը հնարավորություն կտա ամբողջական պատկերացում կազմել ֆինանսավորողին ձեր նախագծի էության մասին։ Համոզվեք, որ ամփոփագրում նկարագրել եք նախագծի բոլոր հիմնական կետերն ու առանձնահատկությունները։

Նախագծի սեղմագրում հրապարակվող վերևում նկարագրված տվյալները նախագծի ներկայացման ձևաթղթում պարտադիր լրացման ենթակա դաշտեր են։


ՆԱԽԱԳԾԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Կարիքների նկարագրություն

Կարիքների նկարագրության մեջ անհրաժեշտ է բացատրել, թե որը կամ որոնք են ձեր կողմից բացահայտված խնդիրը կամ խնդիրները, ինչպես են դրանք բացահայտվել, որոնք են դրանց լուծման արդյունավետ միջոցները։

Այս բաժնում պահանջվում է նկարագրել այն իրավիճակը կամ խնդիրը, որին ուղղված է ձեր նախագիծը՝ ներառելով նաև ապացույցներ, վիճակագրություն, փորձագետների կարծիքներ, որոնք ևս հաստատում են խնդրի գոյությունը։


Նախագծի բովանդակությունը

Նախագծի այս հատվածում պետք է բացատրել, թե ինչ միջոցներ է այն նախատեսում խնդրի լուծման համար՝ հստակեցնելով, թե ինչպես է այն խնդիրը լուծելու։ Անհրաժեշտ է կարդացողին համոզել, որ ձեր առաջարկած լուծումը լավագույնն է։


Նախագծի նպատակները

Նախագծի նպատակներն այն չափելի արդյունքներն, որոնց դուք պետք է հասնեք ծրագիրն իրականացնելով։ Այն պետք է ներառի նաև այդ արդյունքների չափման միջոցների մասին տվյալներ։ Այս բաժինը նախագծի այն հատվածն է, որը ֆինանսավորողին ցույց է տալիս այն օգուտները, որոնք ստացվելու են նախագծի ֆինանսավորման դեպքում։

Այստեղ հատկապես անհրաժեշտ է նկարագրել այն չափանիշները, չափման գործիքներն ու միջոցները, որոնցով նախագծի արդյունքները չափվելու են։


Գործողությունների պլան

Նախագծի գործողությունների պլանը քայլ առ քայլ իրականացվող այն գործողությունների հաջորդականությունը նկարագրող բաժինն է, որոնք պետք է կատարվեն և ավարտվեն նախագծի նպատակներին հասնելու համար։ Անհրաժեշտ է պարզ նկարագրել՝ ինչ, որտեղ, երբ և ում կողմից է իրականացվելու յուրաքանչյուր գործողությունը։

Այստեղ կարող եք շարադրել նաև, թե ինչ հմտություններ են պահանջվում, ինչ տրանսպորտային կամ այլ միջոցներ ծրագրի հաջող իրականացման համար։


Գնահատում

Այս բաժինը վերաբերում է ձեր նախագծի արդյունքների գնահատմանը և գնահատման գործընթացին։ Այստեղ ներառեք նաև գնահատման ժամանակացույցը և տեղեկություններ գնահատողի մասին՝ ներառյալ նաև գնահատման համար անհրաժեշտ հմտությունները, միջոցներն ու ծախսերը։


Շարունակականություն

Այս բաժնում պոտենցիալ ֆինանսավորողներին անհրաժեշտ է տեղեկություններ տրամադրել հնարավոր այլ ֆինանսավորողների մասին, ումից ակնկալում եք ստանալ ռեսուրսներ նախագծի իրականացման համար։ Ընդ որում, այլ աղբյուրներից ստացվող օգնությունը կարող է լինել նաև տարածքի, սարքավորումների կամ այլ ձևերով։
Հատկապես կարևոր է բացատրել նախագծի շարունակականությունը, այսինքն՝ այն թե նախագիծը մեկանգամյա իրականացվող ծրագիր է, թե՞ նախատեսվում է այն շարունակել նաև հետագայում։ Այդ դեպքում անհրաժեշտ է նկարագրել, թե նախագծի շարունակականությունն ու կայունությունն ապահովելուն ուղղված ինչ միջոցներ եք նախատեսում ձեռնարկել։


Բյուջե

Այս բաժինը նախագծի ֆինանսական կողմին վերաբերող հատվածն է, որտեղ պետք է նկարագրեք, թե ինչպես եք ծախսելու այն միջոցները, որոնք ստանալու եք նախագծի իրականացման համար։ Այն պետք է լինի ողջամիտ, իրատեսական և ներառի այն բոլոր ծախսերը, որոնք անհրաժեշտ են նախագծի համար։

Հստակ կերպով նկարագրեք բոլոր հիմնավորված ծախսերը, առկայության դեպքում՝ նաև հնարավոր եկամուտները։ Հատկապես անհրաժեշտ է շեշտել՝

  • անձնակազմի վարձատրությունը,
  • նախագծի ուղղակի ծախսերը,
  • վերադիր ծախսերը։

Եկամուտների մասով՝ ներառեք հետևյալը՝

  • նվիրաբերություններ,
  • դրամաշնորհներ,
  • ստացվող ձեռնարկատիրական եկամուտներ։


Լրացուցիչ տեղեկություններ

Այստեղ կարող եք շարադրել ցանկացած այլ տեղեկություն, որը ձեր կարծիքով կարևոր է ֆինանսավորողների համար։
Օրինակ, կարող եք անդրադառնալ նախագծի ոլորտում պետական առանձնահատուկ մոտեցումներին և աջակցության ծրագրերին, տնտեսական զարգացման գործում ձեր նախագծի դերակատարության և դրա հետագա հեռանկարի մասին և այլն։

Այլ ուղեցույցներ
Ինչպես կազմել առևտրային նախագիծ

Առևտրային նախագիծը բիզնես գաղափար է, բիզնես պլան կամ առաջարկ, որի հիմնական նպատակը շահույթ ստանալն է։ Ձեր նախագիծը կարող է վերաբերել որոշակի ապրանքների արտադրությանը, վաճառքին կամ ծառայությունների մատուցմանը։

Ինչպես նախագծել սոցիալական ձեռներեցություն

Սոցիալական ձեռներեցությունը առևտրային նախագիծ է, որի արդյունքում ձեռք բերվող շահույթը օգտագործվում է հանրօգուտ նպատակներով և ուղղվում նախագծի շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ ծախսերին։